ԵՄ-ն Թուրքիային վերջնաժամկետ է ներկայացրել
ԱշխարհԵվրամիությունը վերջնաժամկետ է ներկայացրել Թուրքիային ապօրինի ներգաղթյալների մուտքը Եվրոպա կասեցնելու կամ պակասեցնելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ռուսական «ՌԻԱ Նովոստին», Թուրքիայում Եվրամիության պատվիրակության ղեկավար Հանսյորգ Հաբերը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները պետք է կանգնեցնեն կամ զգալիորեն նվազեցնեն Եվրոպա ժամանող ապօրինի ներգաղթյալների թիվը մինչև հունիսի 1-ը, երբ Անկարայի և Բրյուսելի միջև համաձայնագիրն ուժի մեջ կմտնի:
Համատեղ գործողությունների ծրագիրը հաստատվել էր նոյեմբերի 29-ին կայացած Թուրքիա-ԵՄ գագաթնաժողովի ժամանակ: Դրա շրջանակում Թուրքիան պետք է նպաստի ԵՄ տարածք ներգաղթյալների հոսքի կրճատմանը, իր տարածքում ապահովի փախստականների ընդունման լավագույն պայմանները' փոխարենը ստանալով 3 միլիարդ եվրո ֆինանսական աջակցություն, ԵՄ անդամ դառնալու բանակցությունների ակտիվացում և վիզային ռեժիմի դյուրացում: