iPhone-ի խցիկը կարող է լրտեսել օգտատերերին
Համաշխարհային ՄամուլԱմերիկյան Google կորպորացիայի մասնագետ Ֆելիքս Կրաուզեն պարզել է, որ iPhone սմարթֆոնի խցիկը կարող է նկարահանել օգտատերերին՝ առանց նրանց իմացության: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Հաճախ օգտատերերը հավելվածների ներբեռնումից անմիջապես հետո հաստատում են խցիկին հասանելիությունը: Այս հավելվածները, մասնավորապես մեսենջերները կամ նորությունների ռեսուրսները, հեշտությամբ կարող են հետևել օգտատիրոջ դեմքին, լուսանկարել, հիմնական կամ առջևի խցիկի միջոցով առցանց հեռարձակում անել», - նշվում է Կրաուզեի բլոգում հրապարակված հետազոտության մեջ:
Ըստ մասնագետի՝ այս կերպ հավելվածները կարող են ստուգել օգտատերերի տրամադրությունը և ֆիքսել նրանց շրջապատող ամեն բան և մարդկանց:
Կրաուզեն տեղեկացրել է այս մասին Apple ընկերությանը՝ առաջարկելով խցիկի աշխատանքի վերաբերյալ ծանուցումներ մշակել:
Իսկ պաշտպանվելու միակ միջոցը, ըստ մասնագետի, կպչուն ժապավենի կամ հատուկ կազմի միջոցով խցիկն արգելափակելն է: Նա հիշեցրել է, որ այս միջոցն օգտագործում են շատ մարդիկ, այդ թվում՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: