Վարչական շրջանի ղեկավարն աշխատակիցներին պարտադրում է իր վարսավիրանոցից օգտվել
SocietyԼՈւՐԵՐ.com-ի խմբագրությայնն են դիմել Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի աշխատակիցներ և պնդում են, որ թաղապետ Արմեն Ուլիխանյանը պարտադրում է իրենց՝ օգտվել իր կնոջը պատկանող «Լիլիա» գեղեցկության սրահի ծառայություններից: Հատկանշական է, որ գեղեցկության սրահի անունը հենց պարոն Ուլիխանյանի կնոջ անունն է կրում:
Ինչպես նշում են աշխատակիցները՝ Ուլիխանյանը հանձնարարել է իրենց բարեկամների հետ միասին անպայման դառնալ այդ գեղեցկության սրահի հաճախորդը, այլապես՝ սպառնում է ազատել աշխատանքից:
Նշենք, որ դեռևս հունիս ամսին է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը վարսավիրանոց բացել այդ համայնքում։
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը կապ հաստատեց Արմեն Ուլիխանյանի հետ, սակայն վերջինս հերքեց մեզ դիմած քաղաքացու առաջ քաշած խնդիրը՝ ասելով, որ դա որևէ աղերս չունի իրականության հետ:
Նկատենք նաև, որ վերջին շրջանում թաղապետի գործերն, այսպես ասած, լավ են ընթանում: Խոսակցություններ կան նաև այն մասին, որ վերջինս բիզնես նախագծեր է ուզում իրականացնել Հայաստանի սահմաններից դուրս:
Սոնա Հարությունյան