Ոստիկանները բացահայտել են Նոր Արեշում կատարված բնակարանային գողությունը
ԻրավունքՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում մարտի 14-ին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձն, օգտվելով դռան կողպված չլինելու հանգամանքից, մտել է Նոր Արեշի տներից մեկը, պահարանի մեջ քողարկված տեղից հափշտակել 34.000 ԱՄՆ դոլար, պայուսակից` 65.000 դրամ, ու փախել:
Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են համալիր որոնողական աշխատանքներ: Անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Երևանի Բաբաջանյան փողոցի բնակիչ Ամասիա Այվազյանը:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ժամեր անց, ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ, կասկածյալը ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին:
Գողոնն ամբողջությամբ հայտնաբերվել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, գողոնով հանդերձ, Ամասիա Այվազյանին ներկայացրել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ, քննիչի որոշմամբ, Այվազյանը բաց է թողնվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է: