ԵԽ բանաձևերից քանի՞սն են փոխել իրադարձությունների զարգացման տրամաբանությունը․ Հակոբ Բադալյան
ԲլոգոսֆերաՔաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Եվրախորհրդարանի բանաձեւ, որով կոչ են անում Հայաստանին տրամադրել անդամության կարգավիճակ:
Դե, եթե խոսենք առհասարակ, ապա թող տրամադրեն, չեմ տեսնում որեւէ վատ բան: Վատն այն է, որ հերթական հռչակագիրը կամ թղթային կարկանդակը Հայաստանում դառնում է հասարակական-քաղաքական էյֆորիայի խթանման տեղեկատվա-քարոզչական օպերացիաների նոր առիթ:
Քանի՞ բանաձեւ է ընդունել Եվրախորհրդարանը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, որը վերաբերել է Արցախի, Հայաստանի շահերին, դատապարտել Ադրբեջանին եւ մեզանից՝ նվազագույնը անառարկելիորեն կորզել հիացական բացականչություններ: Եվ այդ բանաձեւերից քանի՞սն են էապես փոխել Ադրբեջանի վարքագիծը, փոխել իրադարձությունների զարգացման տրամաբանությունը, քանի՞սն են օգնել, նպաստել, որպեսզի պաշտոնական Երեւանը Ադրբեջանի հանդեպ չունենա այն «ինքնամերժող մեղմասացությունը», որ դրսեւորում է այսօր, բացատրելով, թե խնդիրը պատերազմի առիթ չտալն է:
Թե՞ ընդունվող թղթային բանաձեւերը Հայաստանին այդ՝ «առիթ չտալու» համար տրվող կարկանդակներն են:
Բայց, հարցեր հանկարծ չտաք, Հայաստանում այդ առնչությամբ հարցեր տալը «խեղդվում է հենց օրորոցում», հայտնի քարոզչական նարատիվներով, որովհետեւ հիմա թրենդային է տալ միայն այնպիսի հարցեր, որոնք կասկածի տակ են դնում հայկական պետականության իրավա-քաղաքական ինքնությունը»,- գրել է նա։